Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը վերադարձել խորհրդարան. մեկնաբանում է Խամոյանը

Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Ազգային ժողովի հերթական նստաշրջանին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է վերադարձել է, թեպետ նախապես հայտարարել էին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը երբևէ չի հայտարել, որ չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքերին, կամ ամբողջությամբ բոյկոտելու հայտարարություն չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով ԱԺ հերթական աշխատանքներին «Հայաստան» խմբակցության մասնակցությանը։
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցում էին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։
Պատգամավորի խոսքով` ընդդիմադիր ուժը նիստերին որոշում է մասնակցել «ըստ իրավիճակի, ըստ անհրաժեշտության մեր շեշտադրումները ԱԺ ամբիոնից հնչեցնելու սկզբունքով»։
Խամոյանը հիշեցնում է` խորհրդարանի աշխատանքներին մասնակցում են իրենց օրակարգով, և իրենց նախկինում արված հայտարարության մեջ ոչինչ չի փոխվել։
«Օրակարգի էությունը բացառապես վերաբերում ՀՀ-ի և Արցախի անվտագությանը։ Երեկ մենք մի քանի կարևոր և առանցքային շեշտադրումներով հայատարարություններ ենք ունեցել, ելույթներ ենք ունեցել հայտարությունների ժամին, և պետք է արձանագրեմ, որ դրան չհաջորդեց իշխանության ներկայացուցիչների որևէ արձագանք»։
Հարցին` ի՞նչ է տալիս ընդդիմության` խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելը, Խամոյանը պատասխանեց.
«Բազմիցս հայտարարել ենք, որ իշխանությունները չեն սպասարկում այն իրական օրակարգերը, որոնք այսօր կան մեր երկրում։ Մենք տեսել ենք, որ անգամ պատերազմի օրերին ամենաանհեթեթ նախագծերն են քննարկվել ԱԺ–ի կողմից, այն դեպքում, որ պետք է առաջնային նշանակության, անվտանգային նշանակության հարցեր քննարկվեին։ Այդ խորհրդարանում արդյունավետ չաշխատելու փորձը մենք ունեցել ենք և բազմիցս ասել ենք, որ իրական օրակարգն այլևս խորհրդարանում չէ»։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել խորհրդարանի գալիք նստաշրջանի աշխատանքներին, քանի որ ԱԺ–ում իշխող մեծամասնությունը չի արտահայտում երկրում առկա իրական մարտահրավերները։