ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը կոչ է անում շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Ծառուկյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Մենք այսօր գտնվում ենք պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջանում։ Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը։ Սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։ Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությանը հանգեցնել փլուզման»,– նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նա հիշեցրել է, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ էլ ապրում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի շնորհիվ։ Ծառուկյանի պնդմամբ նաև պետք է գիտակցել, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից։
«Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր խորհրդարանները անցողիկ են։ Մնայուն են ազգային շահերը։ Մենք չենք կարող պետության և ժողովրդի անվտանգությունը, տնտեսական կայունությունը դնել վտանգի տակ։ Իհարկե, Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– գրել է Ծառուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ Արցախի անվտանգությունն այսօր նույնպես ապահովվում է բացառապես ռուսական խաղաղապահների շնորհիվ։ Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազարանոց արցախահայությանը։
Ըստ Ծառուկյանի` հայ-ռուսական հարաբերությունների առանցքում պետք է լինի փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ և ծագող հարցերն արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։