Եվրոպական նավերն այսօր էլ չեն կարող բարձրանալ հայկական լեռները

Պրահայում քառակողմ հանդիպումը. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Երբ նստած ես չջեռուցվող սենյակում ու ցրտից սրթսրթում ես, դժվար թե մտքովդ անցնի դատապարտել նրան, ով քեզ տաքություն է խոստանում։
Sputnik
Մոտավորապես այսպիսի վիճակում է այժմ Եվրոպան, որն անհամբեր սպասում է ադրբեջանական գազին` խոստովանելով, որ անզոր է զսպելու Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ նկրտումները։ Մեջբերեմ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելին. «Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի տարածքը։ Մենք առաջարկել ենք դիտորդներ ուղարկել, որոնք կուսումնասիրեն սահմանին տիրող իրավիճակը։ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Էլ ի՞նչ անենք՝ հո չե՞նք կարող զորք ուղարկել առանց կողմերի համաձայնության»։
Միանգամից հիշում ես այն խոստովանությունը, որը դեռ 1896 թվականին արել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին . «Մենք պետք է զերծ մնանք հայերին պաշտպանելու համար ռազմական միջամտությունից, քանզի անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Գրեթե 130 տարի է անցել այն օրվանից, երբ Լորդերի պալատում հնչել են այս խոսքերը, սակայն, ինչպես փաստում է ԲիԲիՍի-ն, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ Եվրոպան կողմերից որևէ մեկին չէր պաշտպանում, միայն հրադադարի կոչեր էր անում, թեև բազմաթիվ հայեր ցույց էր էին անում Բրյուսելի կենտրոնում։
Ավելացնեմ, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովներից մեկում այս շաբաթ քննարկվեցին Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները, որոնցում քննադատվում է Եվրամիության պասիվությունը 44-օրյա պատերազմի ժամանակ և կոչ է ուղղվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ լիարժեքորեն ներգրավվել խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներում։ Միայն այդքանը, էլի՝ ոչ մի կոնկրետ բան, էլ չեմ ասում, որ այս զեկույցներն ընդհանրապես պարտադիր ուժ չունեն։
Եթե մեզ մոտ՝ Հայաստանում, հանգամանորեն քննարկվում է նման փաստաթղթերի ամեն նախադասությունը, եվրոպացի պատգամավորների ամեն խոսքը, Ադրբեջանում բանի տեղ չեն դնում ո՛չ Բրուսելում ընդունված բանաձևերը, ո՛չ էլ Եվրախորհրդարանի անդամների ասածները։ Հեռու չգնանք։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ Բաքու էր ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակությունը, Իլհամ Ալիևը գանգատվեց, թե Բրյուսելում մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչում Ադրբեջանի հասցեին, հայկական լոբբիի ազդեցության տակ «հակաադրբեջանական» բանաձևեր են ընդունվում և ստեր են տարածվում։ «Ես նույնիսկ մի քիչ զարմացած եմ, որ այդքանից հետո Դուք եկել եք Բաքու»,- վրդովված ասել է Ադրբեջանի նախագահը։ Եվրոպացիները չարձագանքեցին։
Ինչո՞ւ չարձագանքեցին։ Որովհետև Եվրոպան հիմա ադրբեջանական գազի կարիքն ունի։ Հենց դրա համար էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը այդքան սիրալիր ժպտում, երբ Ադրբեջանի առաջնորդը համաձայնեց առաջիկա 5 տարիների ընթացքում կրկնապատկել գազի մատակարարումը։ Այդ կինը ո՛չ հանդիպեց Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հետ, ո՛չ էլ գոնե մի խոսք ասաց մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին։ Երևի շտապում էր տեղեկացնել եվրոպացիներին՝ ամեն ինչ արել եմ, որ այս ձմեռ չմրսեք։ Ինչը, կներե՛ք, պարզապես սուտ է։
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը համոզված է, որ Բաքվում կնքված համաձայնագիրը ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բնույթի է։ «Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական գազի մատակարարումը կավելանա 2027 թվականին, այնինչ, գազը Եվրոպային անհրաժեշտ է հենց հիմա։ Եվ մի՞թե զարմանալի չէ, որ Եվրոպայում անընդհատ խոսում են առաջիկայում գազից ընդհանրապես հրաժարվելու և «կանաչ» էներգետիկան զարգացնելու մասին, իսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գալիս է Բաքու և պայմանավորվում, որ գազի մատակարարումը կավելանա ոչ թե այսօր, այլ ապագայում։ Սա ինչպե՞ս հասկանանք՝ համ ուզում ենք հեռանկարում գազից հրաժարվել, համ էլ հպարտանում ենք, որ հեռանկարում ավելի շատ գազ ենք ստանալու Ադրբեջանից»,- տարակուսում է Թոմաս դե Վաալը։ Համաձայնե՛ք՝ իրոք բավական տարօրինակ է։
Իհարկե, կարող եք ասել՝ մեր ի՞նչ գործն է, թե ինչպես են զարգանում եվրոպացիների և ադրբեջանցիների տնտեսական հարաբերությունները, կարևորն այն է, որ Եվրոպայում գոնե արդեն ընդունում են՝ ագրեսորն Ադրբեջանն է, և նույնիսկ դիտորդներ են գործուղել, ինչն աննախադեպ է։ Սակայն երևի արժե ականջ դնել այն վերլուծաբաններին և քաղաքագետներին, որոնք հորդորում են միշտ հիշել հիմնարար փաստերը՝ Եվրամիությունը Բաքվի թիվ մեկ առևտրային գործընկերն է, որի ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմում են ավելի քան 7 միլիարդ եվրո։ Եվ յուրաքանչյուր նոր գործարք հրաշալի առիթ է Ադրբեջանի ղեկավարության համար բացեիբաց պնդելու՝ տեսե՛ք, Եվրոպան մեզ շարունակում է սատարել ամբողջովին և անվերապահորեն։
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրամիության առաքելության անդամների հետ