Երևանում ամանորյա տոնածառը կտեղադրվի սովորականից ավելի վաղ. ի՞նչն է պատճառը

Երևանի Հանրապետության հրապարակում տոնածառը հիմնականում տեղադրվում է դեկտեմբերի 20-ից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ամանորյա գլխավոր տոնածառը Հանրապետության հրապարակում կտեղադրվի սովորականից ավելի վաղ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումն ուղղակի չի ընդունվել։ Մի կողմից քաղաքային իշխանություններն իրականացնելու են մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծը, մյուս կողմից` Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը։
«Այս կապակցությամբ մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավանդույթի համաձայն` տոնածառը Հանրապետության հրապարակում տեղադրվում է դեկտեմբերի 20-ից հետո։ Տոնածառները տեղադրվում են նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի կունենա Երևանում 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։