ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը` հավելելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին։
Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Նա ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարը կարևորել է առաքելության աշխատանքը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին միջազգային հանրությանը տեղեկատվություն փոխանցելու գործում:
Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն:
Հիշեցնենք` ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ էլ այցելել էր Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Նրանք նաև պաշտպանական դիրքեր էին բարձրացել։ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Տկաչիկի գլխավորությամբ, այցելել են նաև Գեղարքունիքի մարզ։