Չնայած մեդալներին՝ բավականին մեծ աշխատանք կա անելու․ Հաբեթնակ Կուրղինյան

Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ընդգծեց, որ հաղթանակած գոտեմարտերում թերություններ տեսնելն ավելի դժվար է, բայց ինքը նկատել է ու ամեն ինչ կանի դրանք շտկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականի մասնակիցները պետք է շատ աշխատեն, որպեսզի մյուս առաջնություններում այլևս տեխնիկական և մարտավարական թերություններ չունենան։
Ասուլիսում այս մասին հայտարարեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում մարզիկներ Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը ոսկե մեդալներ նվաճեցին, իսկ Արման Ավագյանը 3-րդ տեղը գրավեց։
«Մարզիկներ կային, որ հնարավորություն ունեին մեդալներ նվաճելու, բայց չնվաճեցին , օրինակ Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը։ Հավանաբար նրանք վրիպեցին փորձի պակասի պատճառով »,-ասաց Կուրղինյանը։
Նրա խոսքով՝ ամեն գոտեմարտում էլ կար թերություն , անգամ եզրափակիչում։
«Արսենի մոտ էլ, Վազգենի մոտ էլ կար թերություն։ Բավականին մեծ աշխատանք դեռ ունեն կատարելու մեծահասակների 2023-24 տարվա առաջնութանը մասնակցելու համար։ Հուսով եմ՝ իրենք նույնպես տեսնում են իրենց թերություններն ու կաշխատեն այդ ուղղությամբ»,-ասաց գլխավոր մարզիչը։
Արսեն Հարությունյան
Նա ընդգծեց, որ պարտության դեպքում հեշտ է թերությունները տեսնել, մինչդեռ հաղթանակած գոտեմարտերում դրանք տեսնելն ավելի դժվար է, բայց ինքը նկատել է ու ամեն ինչ կանի դրանք շտկելու համար։
Հիշեցնենք, որ իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ 65կգ քաշային Վագեն Թևանյանը նույնպես նվաճեց Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 8։4 հաշվով հաղթելով թուրք Համզա Ալաջային։
Վագեն Թևանյան