Ալեն Սիմոնյանը զոհերի թիվ հրապարակելիս շփոթվել է. խոսնակ

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
ԱԺ նախագահի խոսնակը հորդորում է զոհվածների և անհետ կորածների թվի վերաբերյալ հաշվի առնել պաշտոնական տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե ՀՀ–ն սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով ունի 240 զոհ։
Գերիների նկատմամբ քրգործ չի հարուցվել. ՔԿ-ն սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի թիվը չի հայտնում
«Խնդրում եմ թիվը հրապարակելիս հաշվի առնել պաշտոնական տվյալները»,–գրել է խոսնակը։
Հիշեցնենք` Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։