24 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագծից կառավարությունը հրաժարվել է. «Հրապարակ»

Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ. Արխիվային լուսանկար
Հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխությունների նախագծից հանվել է 24 մլն դրամ վճարելու դեպքում ծառայությունից ազատվելու վերաբերյալ տողը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը չեղարկել է 24 մլն դրամով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ ընդամենը 4 ամիս ուսումնական փուլ անցնելու վերաբերյալ նախագիծը, գրում է «Հրապարակը»։
2 ամիս առաջ պաշտպանության նախարարությունը օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում էր 24 մլն դրամ վճարել և զինվորական ծառայություն անցնել ընդամենը 4 ամիս։
Փոփոխությունները պետք է կատարվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածում, որը պետք է լրացվեր 1․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․«Շարքային կազմի պարտադիր զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության 4-րդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում»։
Ներկայումս այս նախադասությունը օրենսդրական փոփոխությունների ծրագրից հանվել է, այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը հրաժարվել է այս փոփոխությունից։
Հավելենք, որ նախագիծը հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել։