17-ամյա տղան ձերբակալվել է սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացու հեռախոսը գողանալու համար

Հնդկաստանի քաղաքացու հեռախոսը գողացած երիտասարդը խոստովանական ցուցմունք է տվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ օրերս Երևանում բռնության սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացու հեռախոսն են գողացել։
Նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 20-ին` ժամը 21։00-ի սահմաններում, Երևանի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևանի՝ 2005թ. ծնված բնակիչ է:
Վերջինս ձերբակալվել է. նա խոստովանական ցուցմունք է տվել: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։