Ուկրաինան ևս 500 մլն դոլար է ստացել Համաշխարհային բանկից

Միջոցները կուղղվեն կենսաթոշակների և սոցիալական այլ պարտավորությունների վճարմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գերագույն Ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիել Գետմանցևը հայտարարել է, որ Ուկրաինան Համաշխարհային բանկից ևս 500 մլն դոլար է ստացել: Հաղորդագրությունը հայտնվել է նրա Telegram ալիքում։
Ստացված միջոցները կուղղվեն պետության կենսաթոշակների և սոցիալական այլ պարտավորությունների վճարմանը, կրթության և առողջապահության ոլորտի գործունեությանն աջակցելուն։ Գետմանցևը նշել է, որ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Համաշխարհային բանկը Կիևին օգնելու համար մոբիլիզացրել է 13 միլիարդ դոլար, որից 11,4 միլիարդը հատկացրել է Վաշինգտոնը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը «ոչ մի ցենտ» չի ստացել Ուկրաինայի արագ վերականգնման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 17 միլիարդ դոլարից: Նա դժգոհել է հանրապետության վերականգնման համար օտարերկրյա օգնության բացակայությունից և նշել, որ հրթիռային հարվածներով ավերվել է երկրի էներգետիկ հատվածի ավելի քան մեկ երրորդը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 243-րդ օրը։