Մելիտոպոլում տեղի ունեցած պայթյունից 5 մարդ է տուժել. Հանրային պալատի անդամ

Մելիտոպոլ. Արխիվային լուսանկար
Պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 1,5-2 կիլոգրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հինգ մարդ՝ «ԶաՄեդիա» հոլդինգի աշխատակիցները և այլ խաղաղ բնակիչներ տուժել են Մելիտոպոլում հեռուստառադիոընկերության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ Հանրային պալատի տեղեկատվական համայնքի, ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցությունների զարգացման հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Մալկևիչը։
«Տուժել է 5 մարդ՝ «ԶաՄեդիայի» հոլդինգի աշխատակիցները և այլ խաղաղ բնակիչներ։ Այստեղ զինվորականներ չկան», - գրել է Մալկևիչը։
Նա նշել է, որ ԶԼՄ-ների գույքին զգալի վնաս է հասցվել։
Մալկևիչը հայտնել է նաև, որ պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 1,5-2 կիլոգրամ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մելիտոպոլի «ԶաՏՎ» հեռուստաընկերության շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել։ Պայթյունի ալիքից վնասվել է շենքի ճակատային հատվածը, վնասվել են պատուհանները։ Տեղում արտակարգ ծառայություններն են աշխատում։