ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներն առաջիկա օրերի ընթացքում Կիև և Ժոլտիե Վոդի կմեկնեն Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» նախապատրաստման վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներից հետո։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Սովորաբար նման տեսչական ստուգումները կապված են նմուշառման հետ, իսկ դրանց հետազոտման համար, որպես կանոն, մոտ երկու ամիս ժամանակ է պահանջվում, այսինքն մոտ մեկ շաբաթից կտեղեկանանք այդ այցելությունների նախնական արդյունքների մասին, իսկ վերջնականը շուտ չի լինի», – նշել է ՈւլյանովըԼ
Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։
ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Նա նշել էր, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։