ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը` հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում։ Նա նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԳՆ–ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Մարուքյանը Կասպրշիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։
Մարուքյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը` Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։