ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ՏՄՊՊ հանձնաժողովի (ներկայում` ՄՊՀ) նախկին աշխատակիցների կողմից արված մի շարք չարաշահումների քրգործի քննությունը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում, մասնավորապես, պարզվել է, որ ՏՄՊՊՀ–ի վարչատնտեսական վարչության պետը (2015-2017թթ.) նույն վարչության փորձագետի օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված 3 միլիոն 937 հազար դրամը։ Ի դեպ` փորձագետը երբեք աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է։
Ըստ այդմ` հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին և փորձագետին պաշտոնեական կեղծիքի և վստահված գույքը հափշտակելու մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած գումարային վնասը։
Բացի այդ պարզվել է նաև, որ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետն ուսումնասիրել են մի ՍՊԸ-ի ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները` աղավաղելով դրանց բովանդակությունը։ Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով:
Քրգործի նյութերը, դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։