ՀՀ աղբավայրերում մշտադիտարկում կիրականացվի. կարգը խախտողները կտուգանվեն

Չթույլատրված վայրում աղբ թափողներին այսուհետ կտուգանի նաև ոստիկանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում գործող աղբավայրերում մոնիթորինգ չիրականացնելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` 50-100 հազար դրամի չափով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու համար` 100-200 հազար։
Աղբավայրերը թանկ են նստել ԱԻՆ–ի վրա. կառույցից ասել են` ինչքան ջուր և ռեսուրս են ծախսել
«Թափոնների մասին» օրենքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թե ով ու ինչ կարգով է իրականացնելու աղբավայրերի մոնիթորինգը, դեռ հայտնի չէ։ Ըստ Ֆիդանյանի` այն կընդունվի տուգանքի չափերը հաստատելուց հետո։
«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ աղբավայրերը շահագործողները հնարավորություն կունենան 2023թ–ի ընթացքում նախապատրաստելու աղբավայրերի մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցները»,– ասաց Ֆիդանյանը` հավելելով, որ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի միայն 2024թ–ի հունվարի 1-ից։
Նույն նախագծով նաև որոշ կարգավորումներ են արվել չնախատեսված վայրերում աղբ թափողներին տուգանելու համար։
Ինչպիսի՞ն կլինի Երևանի նոր աղբավայրը, և ի՞նչ են անելու հնի հետ․ քաղաքապետարանի պատասխանը
Եթե ներկայում այդ խախտման դեպքում արձանագրություն կազմելու իրավունք ունեն միայն տեսչական մարմինն ու համայնքային իշխանությունները, ապա նոր կագրավորմամբ նրանց է միացել նաև ոստիկանությունը։ Իսկ գործը քննելու իրավունքը վերապահվելու է այն մարմնին, որը կհայտնաբերի իրավախախտումը։