ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իր սահմանները պաշտպանել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀԱՊԿ–ին դիմելու ու հնարավոր հետագա զարգացումների մասին հարցերին։
«Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա ինքնուրույն իր սահմանները պաշտպանել։ Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա համապատախան որոշում ընդունել։ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ինքնուրույն իր սահմանները պաշտպանել։ Բայց ոչ այս իշխանությունների օրոք։ ՀԱՊԿ–ին դիմել այն դեպքում, երբ դու ամբողջ քո ներուժը չես օգտագործել` քո երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու։ Դու քո երկրում ռազմական դրություն չես հայտարարել` ուժերը մոբիլիզացնելու, քո երկիրը պաշտպանելու, բայց ամպագոռգոռ խոսքերով պահանջում ես, ասում ես` եկեք ինձ պաշտպանեք։ Նորմալ մարդն առաջին հերթին ինքն է իրեն պաշտպանում։ ՀԱՊԿ–ի ոչ մի երկիր չի գալու մեզ համար խրամատ փորի։ ՀԱՊԿ–ի որևէ երկիր չի գալու մեր փոխարեն մեր սահմանները պաշտպանի»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը շեշտեց, որ ՀՀ այսօրվա իշխանությունները չեն կարողանում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը։ Նրա համոզմամբ` 44-օրյա պատերազմի զոհերի մի մասը կարող էր չլինել։
«Այդ ամենը տեղի է ունեցել անկազմակերպվածության պատճառով։ Բայց նաև մենք կարող էինք որոշ չափով ավելի շատ զոհեր ու կորուստներ ունենալ, բայց պահպանել և՛ Արցածը, և՛ ՀՀ–ն»,– ասաց նա։
Օհանյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց նաև երկիրը տարբեր աշխարհաքաղաքական թեևերի շփման ասպարեզ նետելու համար։ Մինչդեռ, նրա համոզմամբ, Արևմուտքից թելադրված բանաձևը տանում է Արցախը վերջնականապես կորցնելու ուղղությամբ։