Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հակամարդկային է. Փաշինյանը` Ադրբեջանի կողմից զինվորների դիերը հանելուն խոչընդոտելու մասին

Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայակական կողմն ունի 29 անհայտ կորած մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում անդրադարձել է սեպտեմբերյան հարձակումից հետո Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների դիերի որոնողական գործողություններին խոչընդոտելուն։
«Սկսած սեպտեմբերի 14–ից Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների դիակների որոնողական գործողությունների համար։ Դա հակամարդկային և անընդունելի պահվածք է»,–գրել է նա։
Նշենք, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո հայակական կողմն ունի 29 անհայտ կորած մարդ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։