Հայկական արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում կբացվի մինչև տարեվերջ

Հայկական արբանյակը
ԲՏԱ փոխնախարարը խորհրդարանում հայտնեց, որ հայկական արբանյակն այժմ պլանավորված թեստային գործողություններ է անցնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մեր արբանյակը նախատեսվածի պես թռնում է տիեզերական տարածությունում։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը` պատասխանով ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչ է անում այս տարի մայիսին ուղեծիր դուրս բերված հայկական առաջին արբանյակը։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ այն պլանավորված թեստային գործողություններ է անցնում։
«Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները ժամանակացույցից մի փոքր ավելի արագ են տեղի ունենում։ Այսինքն` մեր սպասածից շատ ավելի դրական տենդենց ունենք այդ թեստավորման մեջ»,– ասաց Պողոսյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` երբ Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման խոստացված կենտրոնը։
Փոխնախարարը վստահեցրեց, որ այդ աշխատանքները ևս կիրականացվեն նախատեսված ժամկետից ավելի արագ։
«Այսինքն` մինչև տարվա վերջ,– ասաց նա,– հատկացումները համապատասխան պահին արվում են, աշխատանքներն ընթացքի մեջ են, և մի փոքր ավելի շուտ տարվա վերջից մենք բոլորս բացմանը ներկա կգտնվենք»։
Հիշեցնենք` մայիսի 26-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։
Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ հայկական արբանյակը տիեզերք է դուրս բերվել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի «Cape Canaveral Space Force Station» կայանից «Falcon 9» հրթիռով թողարկված «Transporter-5» տիեզերանավով, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում` Երկրագնդի դիտարկման հայկական արբանյակը։
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ արբանյակի կառավարումն իրականացնելու է «Satlantis» ընկերությունը, քանի դեռ դրա կառավարումը հայկական կողմին չի փոխանցվել։ Նրա խոսքով` կառավարման կենտրոնի ստեղծման համար ամիսներ կպահանջվեն։