ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կարող են առաջին լուրջ քայլերը ձեռնարկել սահմանների բացման և առևտրի կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև հուլիսին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներովԹուրքիայում հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է անցկացնել փորձագետների բանակցություններ, որոնք կքննարկեն 2 երկրի միջև սահմանի բացման և սահմանային առևտրի հաստատման հարցը:
«Թուրքիայում Ակյակի սահմանային անցակետից հեռադիտակով երևում է Հայաստանի Ալիկան անցակետը։ 1993 թվականին, երբ սահմանը փակվեց, դրանով 40 հազար տոննա ապրանք է տեղափոխվել, ինչին էլ հետևել է 140 հազար մարդ։ Սահմանը բացելիս այդ ցուցանիշները կաճեն 10 անգամ։ Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կայացնելուց հետո Ակյակա անցակետը կգործի մեկ ամսվա ընթացքում»,– նշում է «Սաբահը»։
Դիվանագիտական աղբյուրները, որոնց վկայակոչում է թերթը, դրական են բնութագրում Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացին վերաբերող վերջին իրադարձությունները։ Ընդ որում`նրանք 2 երկրի միջև սահմանի բացումը կապում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն այսուհետ տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրի տարածքում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։