ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Թուրքիան կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասաց Հունանյանը։
Ինչ վերաբերում է Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը, Հունանյանը հայտնեց, որ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպման պայմանավորվածություն չկա:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։