ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ՎՏԲ բանկը գործարկել է անդրսահմանային փոխանցումների սեփական ծառայությունը՝ հեռախոսահամարով դեպի բարեկամ երկրներ, որոնցից առաջինը Հայաստանն է: Տեղեկությունը հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ մինչև տարեվերջ ծառայությունը հասանելի կլինի մի շարք երկրների համար։
«ՎՏԲ-ի ռուս հաճախորդները կարող են բջջային հեռախոսահամարով անմիջապես գումար ուղարկել ՎՏԲ բանկի (Հայաստան) ֆիզիկական անձ հաճախորդի հաշվին կամ քարտին», - նշված է հաղորդագրության մեջ:
Փոխանցման առավելագույն գումարը կազմում է օրական 50 հազար ռուբլի, իսկ ամսական՝ 300 հազար ռուբլի:
Ավելի վաղ ՎՏԲ-ն գործարկել էր բանկային ռեկվիզիտներով դրամական փոխանցումներ ազգային արժույթներով դեպի Ասիայի և մերձավոր արտերկրի երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս և Ղազախստան: Բացի այդ, բանկը խոստանում է, որ մոտ ապագայում հաճախորդները հնարավորություն կունենան անմիջապես միջոցներ փոխանցել մի քանի երկրների ազգային վճարային համակարգերի քարտերին: Դրա համար «ՎՏԲ օնլայնի» օգտատիրոջը բավական կլինի նշել քարտի համարը և ստացողի լրիվ անվանումը։