Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայկական դիրքեր. Արխիվային լուսանկար
Առավոտյան իրավիճակը հարաբերականորեն կայունացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 25-ին, ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 20:30-ին կրկին այ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։