Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը

Գեղամ Մանուկյանը ԱԺ–ում
Մամուլում տարածված խաղաղության պայմանագիրը, Մանուկյանի խոսքով, ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։
«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը` մեջբերելով փաստաթղթից մի հատված, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի «ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։
Մամուլում տարածված այս փաստաթուղթը, նրա մեկնաբանմամբ, մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն է, որն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը։
Ըստ նրա` խաղաղության պայմանագիրը կրկնակի կապիտուլյացիա է նշանակում։ Ուստի ՀՀ այսօրվա իշխանությունն իրավունք չունի մեկ ստորագրությամբ որոշելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։
«Դե եկեք, Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը մերժենք»,– ասաց Մանուկյանը` պատռելով իր հետ բերած փաստաթղթի օրինակը։
Նշենք, որ ընդդիմությունն այսօր երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստի հայտարարությունների ժամին։
Ընդ որում, հայտարարության համար հերթագրված 11 պատգամավորներից 9-ը ընդդիմադիրներ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: