Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ֆրանկոֆոնիայի ԽՎ վեհաժողովում ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ

Ֆրանսիայի սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14–ին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34–րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվել է արտահերթ կարգով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները»,– նշել է Եղոյանը։
Նա ընդգծել է, որ պատվիրակությունների կողմից աջակցության խոսքեր են լսել։
«Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև ՖԽՎ ներկայացուցիչներից»,–գրել է Եղոյանը։
ՖԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14–ին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։