Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը և այլ կրիչներ չեն կարող առգրավվել. ՓՊ-ին կից հանձնաժողով

Էրիկ Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին հորդորում է զերծ մնալ Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել այն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հորդորում է քննել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։
«Հանձնաժողովը խստագույնս դատապարտում է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս` կալանավորումը։ Պահանջում ենք Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի հանրային մասնակիցներին և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններին վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելիս՝ հաշվի առնել նրա որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովն արձանագրել է, որ փաստաբանի հեռախոսը ողջամտորեն կարող է պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո։ Համաձայն այդ հոդվածի փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել և չեն կարող որպես ապացույց օգտագործվել։
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նաև հորդորում է վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել այն:
Նշենք, որ ձերբակալության պահին փաստաբան Էրիկ Ալեքսանյանից վերցրել են ավտոմեքենայի բանալին, բջջային հեռախոսն ու փաստաբանական գրասենյակի բանալին։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար:
Նույն օրը կալանավորվել է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնականը։