ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, այսօր այցելել են Վարդենիսի համայնքապետարան, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ նրանք այցելել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրեր։ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։
Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքնգրը Սոթքում
© Sputnik
Հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Նրանք նաև պաշտպանական դիրքեր էին բարձրացել։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։