Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում. Արխիվային լուսանկար
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը ՀՀ–ի և Արցախի բնիկ հայերի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն իր պաշտոնական էջում հայտնել է, որ ընկերակցության գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «ՀՀ և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարությունը։
Հայտարարությամբ ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:
«Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ընկերակցությունը կոչ է անում Ադրբեջանին կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը։ Նշենք, որ այն հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի ու պղծման գործողությունները»:
Միաժամանակ, դիմելով միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին, ընկերակցությունը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը ՀՀ–ի և Արցախի բնիկ հայերի դեմ։
«Թուրքերը փորձեցին ոչնչացնել մեզ, բայց մենք վերծանվեցինք». Ալեքսիս Օհանյանի հրապարակումը
Ընկերակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում նաև զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: