Վրաստանի նախագահին չեն տեղեկացրել Ալիևի այցի մասին

Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ, նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին չեն տեղեկացրել Թբիլիսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը։
Ալիևը աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել այսօր։ Նա առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ավելի ուշ նրանք համատեղ հայտարարություն են արել ԶԼՄ–ների համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերին առնչվող հարցեր։
«Վրաստանի նախագահի վարչակազմը, հարցի կարևորության հետ կապված, նպատակահարմար է գտնվում հանրությանն իրազեկելու, որ նախագահին չեն տեղեկացրել հարևան և մեզ համար բարեկամական երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի` Վրաստան աշխատանքային այց կատարելու մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայության տեղեկություններով` չնայած Զուրաբիշվիլիի ցանկությանն ու պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպում (ինչը ավանդաբար տեղի է ունենում Վրաստան բոլոր երկրների ղեկավարների այցերի ժամանակ) չի կայացել։
Վրաստանի նախագահը հնարավոր է համարել ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը
Վրաստանի նախագահը ողջունում է Վրաստան Ալիևի աշխատանքային այցը և պատրաստակամություն և ցանկություն հայտնում առաջիկայում պաշտոնական այցով կրկին ընդունելու Ադրբեջանի նախագահին։