Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի մոռանալ Հայաստանի և այլ երկրների մասին. Մակրոն

Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Չեզոքություն պահպանելը նշանակում է ընդունել, որ «ուժի օրենքը» համընդհանուր է դառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի աշխարհին մոռանալ այլ պատերազմների մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Հռոմում Սուրբ Էգիդիոյի համայնքի (Sant ' Egidius) «Խաղաղության ճիչը՝ կրոնն ու մշակույթը երկխոսության մեջ» համաժողովում։
«Այս պատերազմը (Ուկրաինայում) ներխուժում է մեր Եվրոպա, ցնցում, փոխում մեր կյանքը։ Բայց ես չեմ ուզում, որ այն ստիպի մեզ մոռանալ այլ պատերազմների մասին: Օրինակ՝ պատերազմը Կովկասում, այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ, պատերազմը Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում։ Մի կողմից կա ագրեսիայի զոհ դարձած ժողովուրդ, մյուս կողմից՝ առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել։ Եվ այս իրավիճակում մի կողմ մնալ, մտածել, որ կարելի է չեզոքություն պահպանել, նշանակում է ընդունել, որ «ուժի օրենքը» համընդհանուր է դառնում», - մասնավորապես ասել է Մակրոնը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։