Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում իսրայելական հետախուզության 10 գործակալի են ձերբակալել

Թեհրան
Իսրայելցի գործակալները հրկիզել են Իրանի ուժային կառույցների հետ կապված որոշ անձանց մեքենաներն ու տները, գումար են ստացել դրանք լուսանկարելու ու «Մոսադի» աշխատակիցներին ուղարկելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերն Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ձերբակալել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապված 10 գործակալի։ Տեղեկությունը հայտնում է Fars գործակալությունը։
«Այդ մարդիկ ուղիղ առցանց տեսակապ են պահպանել «Մոսադի» սպաների հետ ու գործել են Իրանի Արևմտյան Ադրբեջան, Թեհրան ու Հորմոզգան նահանգներում», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Fars-ը նշում է, որ ձերբակալվածների գլխավոր խնդիրն Իրանի հետախուզության աշխատակիցների բացահայտումն էր, որոնք գործում են Արևմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի դեմ պայքարի ոլորտում:
Գործակալության տվյալներով՝ իսրայելցի գործակալները հրկիզել են Իրանի ուժային կառույցների հետ կապված որոշ անձանց մեքենաներն ու տները, գումար են ստացել դրանք լուսանկարելու ու «Մոսադի» աշխատակիցներին լուսանկարներ ուղարկելու համար: Fars-ը պնդում է, որ իրենք նաև փորձել են ֆիզիկապես վերացնել և սպանել Իրանի անվտանգության և հետախուզության ուժերի որոշ աշխատակիցներին: