ԻՀՊԿ զորավարժությունները ուղղված չեն Հարավային Կովկասի հարևանների դեմ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին . Արխիվային լուսանկար
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ հարևան պետություններին տեղեկացրել են սահմանին զորավարժություններ անցկացնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, ուղղված չեն Հարավային Կովկասում հարևան երկրների դեմ: Այս մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում ուղղված չեն որևէ հարևան պետության դեմ (Հարավային Կովկասում)... նրանք, ովքեր պետք է Իրանի զորավարժությունների անցկացման մասին ծանուցում ստանային, արդեն ստացել են այն և դեռ կստանան»,-ասել է Կանաանին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի ԻՀՊԿ-ն ցամաքային ուժերի զորավարժություններ է արել Արաքս գետի շրջանում։ Զորավարժությունները տևել են մի քանի օր։ Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացրել են ուղղաթիռային գործողություններ, գիշերային հարձակման գործողություն,«կամիկաձե» ԱԹՍ-ի օգտագործմամբ գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրայով կամրջի կառուցման, հաղորդակցության ուղիների գրավման և վերահսկողության գործողություն: