Հայ մարզիկները Թուրքիայում հաշմանդամային բազկամարտի աշխարհի մրցույթում 8 մեդալ են նվաճել

Առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչ է մասնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը և վերադարձել 8 մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականի անդամներ
Մրցումները եղել են հոկտեմբերի 14-23-ը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել էր 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:
«Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել»,- ասված է հաղորդագրությունում։
Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Նշենք, որ Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը