ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում` գրելով. «Այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար»։
Կատվալյանը շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին վստահության ու արդյունավետ համագործակցության համար։
Վարչական շրջանի ղեկավարը հայտնում է, որ առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին Սաշա Կատվալյանը դատապարտել էր «Եռաբլուրում» ոստիկանության գործողությունները պատերազմի զոհերի ծնողների նկատմամբ։
«Ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի»,–գրել է Կատվալյանը։
Նրա խոսքով` կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել։
Զոհվածների հարազատները սեպտեմբերի 20-21–ի գիշերը հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։ Նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։