ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամներն այցելել են Գորիս` ծքանոթանալու սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքներին։
Ինչպես հայտնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները` նախագահող, Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարի Առուշ Առուշանյանին։
ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները` Գորիսում
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները` Գորիսում
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր, տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵԱՀԿ-ում հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-27-ը փորձագետների խումբ կուղարկեն Հայաստան՝ սահմանամերձ որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, և դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։