Արթուր Դանիելյանին արգելել են մասնակցել համառուսաստանյան մրցումներին

Արթուր Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Դանիելյանն այլ մարզական կազմակերպություն է տեղափոխվել, ինչի մասին տեղյակ չի պահել Մոսկվայի գեղասահքի ֆեդերացիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի գեղասահքի ֆեդերացիան արգելել է տղամարդկանց մենասահքում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանին հանդես գալ համառուսաստանյան և միջտարածաշրջանային մրցումներում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆեդերացիային։
Նշվում է, որ արգելքը սահմանվել է, քանի որ նա այլ մարզական կազմակերպություն է տեղափոխվել, ինչի մասին տեղյակ չի պահել։
Հարցն այն է, որ օգոստոսի վերջին Դանիելյանը լքել է մարզիչ Ելենա Բույանովայի խումբը Մոսկվայում և սկսել է մարզվել Եվգենի Ռուկավիցինի մոտ` Սանկտ Պետերբուրգում։
Որոշման մեջ ընդգծվում է, որ 2016-ին Դանիելյանն ընդգրկվել է Ս. Ա. Ժուկի անվան գեղասահքի օլիմպիական ռեզերվի մարզական դպրոց, սակայն նա Մոսկվայի հավաքականի անդամ է և ԲԿՄԱ սպորտային ընկերությունում զինվորական ծառայություն անցնող զորակոչիկ:
Մարզիկը խախտել է Մոսկվայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահության կողմից հաստատված կանոնակարգը` առանց ֆեդերացիային դիմում ներկայացնելու մի մարզական կազմակերպությունից մյուսը տեղափոխելու կարգի վերաբերյալ։
Նշվում է, որ Դանիելյանը, որպես ԲԿՄԱ-ի մարզիկ, պետք է զինվորական ծառայություն անցնի զինվորական կոմիսարիատի կողմից սահմանված վայրում: