ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սեփական թատրոնի տանիք ունենալու մասին Սոս Սարգսյանը միշտ էր երազում։ Այսօր, վարպետի ծննդյան օրը, նրա երազանքը գրեթե իրականություն է դարձել։
Համազգային թատրոնի շենքի շինարարությունն ավարտվել է, արտաքին հարդարումներն արված են, ձայնային, լուսային ու բեմական մեխանիզմները տեղադրված են։ Մնում են միայն ներքին հարդարումները, և թատրոնի նոր շենքը կբացի իր դռները հանդիսատեսի առաջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թատրոնի դերասան Արման Նավասարդյանը։
Դեռ մի քանի տարի առաջ, թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ Արման Նավասարդյանը թատրոնի հիմքում դրել էր Սոս Սարգսյանի խոսքերը` թղթին գրված` ուղղված իր թատրոնի դերասաններին. «Արեք այնպես որ ես հպարտանամ ձեզանով, հպարտանամ, որ դուք իմ թատրոնի դերասաններ եք։ Հիշե՛ք, որ ձեր յուրաքանչյուր բեմ դուրս գալը մեծ պատասխանատվություն է հայ ժողովրդի առջև»։
Համազգային թատրոնի հիմնարկեքը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Այս ուղերձն Արման Նավասարդյանը գտել էր Սոս Սարգսյանի անձնական իրերի մեջ, նրա մահից հետո։ Այն փակցրել էր նաև իր աշխատասենյակում, որպես պատգամ ուսուցչից։
«Գրեթե երեք տարի ես ղեկավարել եմ թատրոնը, ու չի եղել մի որոշում, որ ես կայացնեմ ու Սոս Սարգսյանի հետ հաշվի չնստեմ։ Մտովի պատկերացրել եմ, թե նա ինչ կասեր, ինչպես կվերաբերեր այդ հարցին, ինչը կողջուներ, ինչը` ոչ։ Հենց այդպես եմ կայացրել որոշումներս` վստահ լինելով, որ դա իր սրտից կբխեր»,– պատմում է Արման Նավասարդյանը` ասելով, որ Սոս Սարգսյանի թողած բոլոր պատգամներն ու ավանդույթները պահպանվում են մինչև այսօր։
Դերասանը հիշում է` Սոս Սարգսյանը իր սաներին սովորեցնում էր նախևառաջ բարի լինել, սիրել հայրենիքը, անկեղծ ստեղծագործել ու ազգային մտածողություն ունենալ. «Նա ասում էր, որ պետք է շրջագայենք գյուղում, ամեն մի բնակավայրում, որտեղ հայ է ապրում, նաև Հայաստանից դուրս։ Պետք է հայ մարդուն ճաշակ ցույց տանք` թատրոնի լեզվով»։
Համազգային թատրոնում ամեն նոր ներկայացում բեմադրելիս` Սոս Սարգսյանի սաներն ամեն ինչ անում են, որ իրենց ուսուցչի շունչը այնտեղ զգացվի։
«Մեր խնդիրն է պահել-պահպանել այն ավանդույթները, ինչ վարպետն է թողել, այն ինչ տեսել ենք ու սովորել։ Դա շատ բարդ է, բայց ամեն ինչ արվում է, որ այդ արժեքները չվերանան։ Ինչքան էլ նոր մարդիկ գան թատրոն, նոր դերասաններ, ռեժիսորներ, աշխատակիցներ, ամեն դեպքում, աշխատում ենք այնպես անել, որ նրանք էլ այդ ավանդույթներով վարակվեն»,– ասում է Արման Նավասարդյանը։
Սոս Սարգսյանը պնդում էր, որ ցանկացած թատրոն պետք է ունենա իր դեմքը, եթե չունենա` կդառնա հերթական մշակութային օջախ, որը չունի նաև հետաքրքրություն։ Համազգային թատրոնում այս դասը լավ են սերտել , պահում են իրենց դեմքն ու հստակ մշակված ուղին, որը իրենց անձամբ պատգամել է թատրոնի հիմնադիրը։