ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի -Sputnik. Ղրիմի կամրջի երկաթուղային ճյուղի վերականգնման նախագիծը պատրաստ կլինի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:
«Մանրամասն մշակում ենք վնասված երկաթուղային գծի վերակառուցման հետ կապված հարցերը։ Նոյեմբերի սկզբին արդեն կստանանք ժամկետներ և նախագծային որոշում, թե ինչպես կարգի բերել երկաթուղային գիծը», - ասել է Խուսնուլինը Telegram-ալիքում հրապարակված տեսագրության մեջ։
Ավելի վաղ փոխվարչապետը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի երկաթուղային գծի վերականգնումը կսկսվի հետազոտության ավարտից հետո, այժմ գնացքները ընթանում են միայն մեկ գծով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն բռնկվել էր։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել էր, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել էր, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։