Մխիթարյանի գոլը վերջին պահին «Ինտերին» հաղթանակ պարգևեց «Ֆիորենտինայի» հետ խաղում

Հենրիխ Մխիթարյանը «Ֆիորենտինայի» դեմ խաղում
Հենրիխ Մխիթարյանը «Ֆիորենտինայի» դեմ խաղում
Սա Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլն էր միլանյան թիմի կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ա Սերիայի 11-րդ տուրում երեկ` հոկտեմբերի 22–ին, «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով հօգուտ «Ինտերի»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, այլ նաև գոլի հեղինակ դարձավ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Լաուտարոյի փոխանցումից հետո Բարելան գրավեց մրցակցի դարպասը։ 15-րդ րոպեին Լաուտարոն կրկնապատկեց հաշիվը։
33-րդ և 60-րդ րոպեներին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց 73-ին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ֆիորենտինայի» դարպասին և Լաուտարոն անվրեպ իրացրեց այն։ Տանտերերը չհանձնվեցին և հիմնական ժամանակի վերջին րոպեին Յովիչը կրկին հավասարեցրեց հաշիվը։
Իսկ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին դարպասային հրապարակում մրցակցի ֆուտբոլիստի՝ գնդակը հեռացնելու փորձից հետո այն հայտնվեց Մխիթարյանի մոտ, և նա գրավեց դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Ի դեպ, սա Մխիթարյանի առաջին գոլն էր միլանյան թիմի կազմում։
Այս խաղից հետո «Ինտերը» 21 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 10 միավորով՝ 13-րդ։