ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրասն իր հրաժարականի կապակցությամբ երեկույթ է կազմակերպել Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեքերսի արվարձանային նստավայրում։ Հաջորդ երեկույթը նախատեսված է այսօր։ Գրում է Times–ը:
Նշվում է, որ շաբաթ օրվա հրաժեշտի երեկույթը կազմակերպվել էր նախարարների համար, իսկ կիրակի օրվա երեկույթով նա շնորհակալություն կհայտնի իր մտերիմ օգնականներին և նրանց գործընկերներին:
Պարբերականի տվյալներով ՝ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես այսպիսի երեկույթ էր կազմակերպել, երբ դեռ վարչապետի պաշտոնում էր, բայց հայտարարել էր իր պաշտոնաթողության մասին։
Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հայտարարել էր իր հրաժարականի մասին` նշելով, որ կմնա իր պաշտոնում, քանի դեռ իրավահաջորդը չի ընտրվել: Թրասը 44 օր է պաշտոնավարել Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր 1827-ին պաշտոնավարած Ջորջ Կանինգին, որը 119 օր անց մահացել էր։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ վարչապետ Թրասի գլխավորությամբ, քննադատության է ենթարկվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը: Ծրագիրը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Քվազի Քվարթինգը, և այն հարկերի մասշտաբային կրճատում էր ենթադրում։
Նրա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի հնգամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 2008 թվականից ի վեր առավելագույն՝ 4,6%-ի, ինչը պարտատոմսերի պահանջարկի նվազում է նշանակում: Այդ կապակցությամբ ֆունտի փոխարժեքը կտրուկ նվազել է ու սակարկությունների ընթացքում իջել է մինչև պատմական նվազագույնը՝ 1,054 դոլար մեկ ֆունտի դիմաց։