Կիևն Էներգոդարի և Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքի ուղղությամբ ավելի քան 30 արկ է արձակել. ՌԴ ՊՆ

Զապորոժիեի ԱԷԿ–ի
ՌԴ հրետանային ստորաբաժանումների պատասխան կրակով ուկրաինական ԶՈւ–ի կրակային միջոցները ճնշվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ուկրաինական հրետանին Զապորոժիեի ԱԷԿ–ին հարող տարածքի և Էներգոդարի արևելյան ծայրամասի ուղղությամբ ավելի քան 30 արկ է արձակել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ուկրաինական ԶՈւ հրետանին մեկ օրում ավելի քան 30 արկ է արձակել Էներգոդարի արևելյան ծայրամասի և ատոմակայանի հարակից տարածքի ուղղությամբ։ Հարվածները հասցվել են ՈւԶՈւ–ի ենթակայության տակ գտնվող Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ և Չերվոնոգրիգորովկա բնակավայրերից», – նշել են ՊՆ–ից։
Գերատեսչության տվյալներով` ՌԴ հրետանայի ստորաբաժանումների պատասխան հարվածով ՈւԶՈւ–ի կրակային միջոցները ճնշվել են։
«Զոհեր և ավերածություններ կայանում չկան։ Ռադիացիոն իրավիճակը նորմալ է», – ընդգծել են ՌԴ ՊՆ–ից։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 241-րդ օրը։