Եվս 2 մեդալ ծանրամարտում. Պետրոս Պետրոսյանը փոխչեմպիոն է, Մերի Թումասյանը`բրոնզե մեդալակիր

Ծանրամարտ
Հայաստանի մինչև 20 և 23 տարեկանների հավաքականներն արդեն երկամարտի 6 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել։
Մինչև 20 տարեկանների տղաների պայքարում Պետրոս Պետրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 360 կգ արդյունքով (160+200)։ Պետրոսյանը նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
Աղջիկների մինչև 20 տարեկանների մրցաշարում 87 կգ քաշային Մերի Թումասյանը երկամարտի 205 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 203 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Մերին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալին է արժանացել՝ գլխավերևում պահելով 92 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հաջող է կատարել առաջին և երկրորդ մոտեցումները՝ բարձրացնելով նախ 110 կգ, ապա 113 կգ ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ պատվիրած 116 կգ-ն նա ձախողել է։
Հայաստանի մինչև 20 և 23 տարեկանների հավաքականներն արդեն երկամարտի 6 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն