Ռուսաստանի հայերը պաշտպանում են այն տարածքը, որտեղ ապրում են. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահն այն կարծիքին է, որ չի կարելի անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը կատարվում է մի երկրում, որը քեզ ընդունել է որպես իր անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հայերը պաշտպանում են այն տարածքը, որտեղ ապրում են։ Այս կարծիքին է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողություներին հայերի մասնակցությանը։
«ՌԴ–ում երեք միլիոն հայեր կան, և այնտեղ, իհարկե, հայերը կռվում են, և, իհարկե, ունենք հերոսներ։ Այն տարածքը, որտեղ ապրում ես, դա ևս քո հայրենիքն է, այդ երկիրը տալիս է կրթություն, բնակության բոլոր պայմանները, ճիշտ չէ լուռ համակրեպվելը` ինչպես են ցանկանում գալ ու կործանել դա»,– Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը։
Նա կարծում է`սխալ մոտեցում է, երբ ասում են` ինչու պետք է հայերը Ռուսաստանի համար կռվեն։
«ՌԴ–ում 9–րդ դարից հայեր են ապրում, որոնք հենց աշխարհի մակարդակով են հերոսներ դարձել»,–ասաց Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահը նկատում է, որ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, և դա կապ չունի` մեր տարածաշրջանում է, թե այլ երկրներում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 240-րդ օրը։
ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։