Լուսավորչի հուշարձանն ու Իսակովի կիսանդրին. քանդակագործ Սողոյանը մանրամասներ է ներկայացրել

Հայտնի քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանը ներկայում աշխատում է պատմական հայրենիքի հետ կապված նախագծերի վրա։
Sputnik
Միքայել Սողոյանը պատմել է ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողության և Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հուշարձանի մասին: Քանդակագործն այս օրերին Հայաստանում էր և Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է նաև այցի օրակարգի, հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացման աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։
-Միքայել Ֆրիդրիխովի'չ, դուք առաջին անգամ չէ, որ Հայաստանում եք, և պատմական հայրենիք Ձեր յուրաքանչյուր այցը նշանավորվում է ինչ-որ իրադարձությամբ: Այս անգամ ինչո՞վ եք եկել Երևան։
Առաջին հերթին դա սրտի կանչն է` լինել Հայաստանում՝ պատմական հայրենիքում, դա միշտ էլ զգացմունքային պահ է։ Ներկայում իրականացման փուլում գտնվող մի շարք նախագծեր կան։ Դրանց թվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, բացումը նախատեսվում է հաջորդ տարի։ Ես ու եղբայրս` Վահե Սողոյանը, նախատեսում ենք այն տեղադրել Գյումրիում, մինչև օրս հարմար վայր ենք որոնում։ Ի դեպ` չեմ կարող չնշել Մոսկվայում ապրող մեր հայրենակիցների հովանավորչական աջակցությունը արձանի ստեղծմանը։
Բացի այդ, ծանոթացա հորս` Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, ականավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի տուն-թանգարանի վերանորոգման և կահավորման աշխատանքներին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, և չնայած դեռ շատ աշխատանք կա անելու, թանգարանը բաց է այցելուների համար: Դա մեր սողոյանական արվեստի տունը կլինի։ Այսուհետ մենք Հայաստանի հետ ոչ միայն հոգևոր, այլև ստեղծագործական կապող թել ունենք։
-Դուք բազմաթիվ աշխատանքներ ունեք Հայաստանում, այդ թվում` ծովակալ Իսակովի կիսանդրին, որի մասին շատերը չգիտեն, քանի որ բացման հանդիսավոր արարողություն չի եղել։ Պատմե՛ք աշխատանքի մասին, ինչպե՞ս ծնվեց հերոսի կիսանդրին ստեղծելու գաղափարը։
-Գաղափարը ծնվել է 2019 թվականին։ Նույն թվականին կիսանդրին քանդակվեց և ձուլվեց բրոնզից։ Նախաձեռնությանն աջակցում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, ինչից հետո մենք խնդրագիր ուղարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն։ Շուտով Երևանից դրական պատասխան ստացվեց.մեզ տեղեկացրին, որ ուրախ կլինեն նման նախաձեռնությանհամար։ Ենթադրվում էր, որ հետագայում տեղի կունենա կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո այն գրագետ ձևով կտեղադրվի։ Ներկայում ստեղծագործությունը գտնվում է «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում։
Սակայն արարողությունն այդպես էլ տեղի չունեցավ։ ՊՆ ղեկավարությունը դեռ չի կարողացել իրականացնել այն միջոցառումները, որոնք ամբողջությամբ կբացահայտեին աշխատանքը։ Բացի այդ, ես այնքան էլ հաշտ չեմ քանդակի ներկայիս վայրի հետ: Հնարավոր է, որ իմ ներկայությունն այստեղ ավելի վճռական քայլերի դրդի և աշխատանքային քարտեզ մշակվի:
Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Միքայել Սողոյանն աշխատում է Ռոստովի 13-րդ դիվիզիայի մարտիկների հուշարձանի վրա (29 դեկտեմբերի, 2020թ). Մոսկվա
Կարծում եմ, որ բացման հանդիսավոր արարողությունը, այնուամենայնիվ, կկայանա, և չի բացառվում, որ այն տեղի ունենա թանգարանից դուրս։ Բանն այն է, որ այս կամ այն ստեղծագործության մատուցումը դրա անբաժանելի մասն է, մի տեսակ տրամաբանական ավարտը, և, միևնույն ժամանակ, կարող է քննարկման, այդ թվում քննադատության առիթ լինել։ Չնայած դրան, այն արդեն հանրապետության սեփականությունն է, և ես չեմ բացառում, և նույնիսկ ողջունում եմ այդ կիսանդրու այլ հարթակներում գտնվելու հնարավորությունը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է լեգենդար զորավարին, հայրենիքի հպարտությանը ՝ Իսակովին։ Համոզված եմ, որ ՊՆ-ում հասկանում են հարցի կշիռը, և դա բացառապես ժամանակի հարց է։
-Ինչպիսի՞ն է նա` ձեր ծովակալը
-Դժվարանում եմ ասել, քանի որ կիսանդրին անհրաժեշտ է կետային և, ամենակարևորը, գրագետ լուսավորել, պատվանդանի հարցը ևս առանցքային նշանակություն ունի. այն դեռևս անտեսանելի է թե՛ երևանցիների, թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար։ Ավելի ճիշտ` թանգարանի այցելուների համար քանդակը հասանելի է, բայց երևակումներն անհաջող են։ Ինտերիերում ստեղծագործության գեղարվեստական տեղակայումն հսկայական նշանակություն ունի: Եթե վերցնենք մեծ վարպետների գլուխգործոցները և անհեթեթ ձևով ցուցադրենք, ապա դրանք անընդունելի տեսք կունենան և կդադարեն մեծ արվեստի գործեր լինել։
-Ի՞նչ փուլում է ռուս-հայկական բարեկամության հուշարձանի ստեղծումը:
-Սա մի թեմա է, որը շատ հարցեր ունի, բայց դեռևս առանց պատասխանների: Երևանում Ռուսաստանի հրապարակում հիշատակի խորհրդանիշ տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստում:
Ես նիստի ժամանակ հանդես եկա որպես զեկուցող և ներկայացրի նախագիծը` 2022 թվականի աշնանը հնարավոր իրագործմամբ, այդ նիստում նախագիծը որպես հիմք ընդունվեց։ Դրան աջակցեցին ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերը։ Հետագայում առաջինն առաջարկեց մրցույթ անցկացնել նաև արվեստի այլ գործիչների մասնակցության նպատակով, սակայն այն տեղի ունեցավ տեղական մակարդակում՝ Հայաստանում ապրող քաղաքացիների մասնակցությամբ։
Մոսկվայում դա որպես ոչ այնքան արդարացված ժեստ ընկալվեց։ Մրցույթը ենթադրում է ուժերի ընդհանուր միավորում, որի հանձնաժողովում պետք է ընդգրկվեն երկու կողմերի արվեստագետները, ճարտարապետները, նկարիչները, հասարակական գործիչները։ Արդյունքում ռուսական առաջնահերթ հովանավորությունը մի կողմ քաշվեց։ Հարցը մինչ օրս բաց է մնում։
- 2017 թվականին Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությունից հետո դուք մաեստրոյի հաջորդ հուշարձանը Վրաստանում տեղադրելու գաղափար ունեիք։ Ինչո՞ւ չստացվեց։
-Վրաստանում, հավանաբար, սպասում են մեր ստեղծագործությանը, և ես շատ կուզենայի, որ դա իրագործվեր։ Մենք դեռ չենք կարողացել անել դա, բայց ի հակադրություն` Նիժնի Նովգորոդում 2021 թվականին տեղադրեցինք Խաչատրյանի կիսանդրին։ Արամ Իլյիչին Գորկիում շատ էին սիրում, անվանում էին Նիժնի Նովգորոդի փեսա (նրա կինը այնտեղ է ծնվել,–խմբ.), քաղաքում նրա անվան երաժշտական դպրոց-ճեմարան կա։ Կարծում եմ` Թբիլիսին սպասում է իր ժամին։
-44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված քանդակ ստեղծելու ծրագրեր կա՞ն: Եվ եթե այն ստեղծեիք, ինչպե՞ս կներկայացնեիք հայ զինվորի հավաքական կերպարը։
-Նախ խոնարհվում եմ զոհվածների առաջ։ Շատ բարդ, ցավոտ թեմա է, և չեմ կարող ասել, որ այդ մասին չեմ մտածել։ Ինչ-որ չափով նման ստեղծագործության վրա աշխատանքը վաղաժամ է։ Թե երբ մենք կկարողանանք հասնել ու ձուլվել դրան, ցույց կտա ժամանակը, բայց վերքը շատ թարմ է, այն դեռ արնահոսում է:
-Դուք բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ եք և, այսպես ասած, կենդանացնում եք նշանավոր մարդկանց։ Ի՞նչ դժվարությունների եք բախվում: Ձեզ համար կա՞ միասնական բանաձև, որից ելնում եք աշխատանքի ստեղծման ժամանակ:
-Դոստոևսկին գրել է. «Արվեստը մարդու համար նույնպիսի անհրաժեշտությունն է, ինչպես ուտելն ու խմելը»: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես է հասարակությունը տեսնում արվեստը, և թե ինչ նկատի ունի այդ ընդարձակ հասկացության տակ, հատկապես այսօրվա իրողություններում։ Ինձ այդ մասին շատ երիտասարդներ են հարցնում, որոնք փորձում են գտնել իրենց այդ ոլորտում։
Մի կողմից, մենք՝ ստեղծագործ անհատներս, պետք է վերացարկվենք տեղի ունեցողից, քանի որ տնտեսական և քաղաքական միջավայրը շատ ուժեղ է ազդում գործունեության վրա։ Մյուս կողմից` դա չափազանց դժվար է, գրեթե անիրագործելի է։
Անհարմարությունը, այո՛, հիմնովին խանգարում է ստեղծագործական գործընթացին: Նկարչին նյութական հիմք, հոգևոր շերտ, արժեքներ են պետք գոյություն ունենալու, ստեղծագործելու համար: Միշտ ասում եմ երիտասարդ սերնդին, որը փորձում է մասնագիտության մեջ մտնել, որ իրենց այս ոլորտում փորձել արժե միայն այն պայմանով, եթե այն իսկապես անձնուրաց սիրում ես։
- Ձեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Հայրենական մեծ պատերազմի թեման։ Ինչո՞ւ:
– Այն ամենը, ինչ կապված է Հայրենական մեծ պատերազմի հետ, մեր սուրբ հիշողությունն է, և մենք փորձում ենք առավելագույնն անել այդ ուղղությամբ: Փորձում ենք մեր ստեղծագործական լեզվով՝ արվեստի լեզվով, ներդրում ունենալ հիշողության պահպանման գործում։ Այս համատեքստում ուզում եմ նշել 2021 թվականին Մոսկվայում եղբորս մասնակցությամբ կատարված հսկայական աշխատանքը։ Հուշարձանը նվիրված է Մոսկվայի Ժողովրդական աշխարհազորի 13-րդ դիվիզիային։ Սա սպասված գործերից է, օրինակելի, որը սկզբից մինչև վերջ դրական բաղադրիչ է ունեցել` հուշարձան- «Պիետա», միաժամանակ մարդկային վշտի և հաղթանակի արշավը։