ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Խերսոնի իշխանությունները բոլոր խաղաղ բնակիչներին և քաղաքացիական պաշտոնյաներին կոչ են արել անմիջապես լքել քաղաքը և ուղևորվել դեպի Դնեպրի ձախ ափ։ Տեղեկությունը Telegram ալիքում հայտնել է Խերսոնի շրջանի վարչակազմը։
Շրջանային վարչակազմում հայտարարել են, որ համապատասխան որոշումը կայացվել է սահմանին լարված իրավիճակի, ինչպես նաև քաղաքի ուղղությամբ մասսայական գնդակոծությունների և ահաբեկչության սպառնալիքների պատճառով։
Ավելի վաղ Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել էր, որ իրենք հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները։ Ընդ որում` նա նշել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 240-րդ օրը։