ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Գործող իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
Նշվում է, որ օրերս Պրահայում տեղի ունեցած և լուսաբանված հանդիպումներից բացի տեղի է ունեցել ևս մի հանդիպում, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կամ որևէ անդրադարձ չի եղել։
«ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ` Պրահայում Նիկոլ Փաշինյանն առանձին կարճ հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ (ի դեպ` հանդիպմանը չի մասնակցել անգամ ԱԳ նախարարը)։ Մեր տեղեկություններով` Փաշինյանը և Օրբանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առաջիկա ամիսներին վերականգնել Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները»,–գրում է օրաթերթը:
Հիշեցնենք` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: