ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության և անդամ երկրների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ
© Photo : official site of MFA of RA
Միրզոյանը ողջունել է ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ, գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։
ՀՀ արտգործնախարարությունում հայկական կողմի ներկայացուցիչները ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպմանը
© Photo : official site of MFA of RA
ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ առաքելության դիտարկումները դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։
«Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստան գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչն առաքելության անդամներին է ներկայացրել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։