Հայաստանում ենք 2 երկրի համար ճանապարհային քարտեզ գծելու համար․ Աբդոլլահիանը՝ Փաշինյանին

ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է հարևան պետությունների, հատկապես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
Նա շնորհավորել է կողմերին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ և ընդգծել, որ իր կարծիքով` այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է ՀՀ և ԻԻՀ մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։
«Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է։ Հասկանալիորեն հիմա շատ ենք կենտրոնացած ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման վրա, բայց մյուս կողմից համոզված եմ, որ այդ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի պրակտիկ կլինի, եթե ամեն ինչին նայենք երկարաժամկետ կտրվածքով։ Ուրախ եմ, որ նախագահ Ռայիսիի հետ մեր խոսակցությունը կարծես ավելի ու ավելի հենց այսպիսի տրամաբանություն է ստանում»,- ասել է Փաշինյանը:
Իրանի արտգործնախարարն էլ նշել է, որ Փաշինյանի ու Ռայիսիի հանդիպումը Նյու Յորքում իր մեջ պարունակում էր շատ կարևոր հարցեր, ինչպես նաև համաձայնեցումներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին
Աբդոլլահիանը նաև շեշտել է, որ Ռայիսին խնդրել է փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։
«Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցությանը, երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳ նախարարը` Բայրամովի հետ զրույցում