Հայաստանն իր տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել է արտահանման ծավալների մեծացման շնորհիվ, քանի որ ԵԱՏՄ–ն ինքնին մեծ շուկա է և կառույցի անդամ երկրներին տալիս է լայն հնարավորություններ իր ներսում արտադրվող ապրանքների սպառման առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը` նշելով, որ ԵԱՏՄ–ում գտնվելը Հայաստանի համար տնտեսական մեծ առավելություն է։
Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ ԵԱՏՄ երկրները ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը, վերացնում են առկա խոչընդոտները` հարմարվելով արտաքին ցնցումներին։
«ԵԱՏՄ–ն, որպես տնտեսական միություն, բավականին նպաստավոր է Հայաստանի համար։ 2015 թվականի սկզբից մեր երկրի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ ավելի քան եռապատկվել է, իսկ կոնկրետ ընթացիկ տարվա յոթ ամիսների արտահանման ընդհանուր ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 70 տոկոսով։ Ընդ որում` Հայաստանի արտահանումն ամենադիվերսիֆիկացվածն է կառույցի անդամ երկրների համեմատությամբ, քանի որ մեր երկրից արտահանվող ապրանքների տեսականին բազմազան է` սկսած գյուղատնտեսական արտադրանքից, վերջացրած մեքենաշինությամբ»,– նշեց տնտեսագետը։
Անդրադառնալով ԵԱՏՄ ներսում գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հարցին` Թավադյանն ընդգծեց, որ տվյալ հարցը կոնկրետ մեր երկրի համար ունի կենսական նշանակություն, քանզի Հայաստանը հիմնականում էներգակիրներ ներկրող պետություն է և էներգառեսուրսների շնորհիվ է կազմակերպվում տնտեսության զգալի հատվածի գործունեությունը։
«Էներգակիրների ընդհանուր շուկայի առկայության դեպքում Հայաստանի տնտեսությունն ավելի մրցունակ կդառնա ԵԱՏՄ շրջանակում։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք ռուսական գազը գնենք ազգային փոխարժեքով, ինչն ավելի կհեշտացնի խնդիրը։ Տվյալ կազմակերպության համաձայնագրով արդեն իսկ նախանշված է էնարգակիրների ընդհանուր շուկայի ձևավորումը»,– նշեց տնտեսագետը։
Թավադյանի կարծիքով` թեև այդ ուղղությամբ խնդիրները միանգամից չեն լուծվում, որոշ հարցեր մնացել են դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում, այդուհանդերձ, վերջին հինգ տարիների ընթացքում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհին նկատելի է զգալի առաջընթաց։
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: