ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի արած այն հայտարարությունները, թե իրանական արտադրության ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Տեղեկությունը հայտնում է IRNA իրանական գործակալությունը։
«Թեհրանը հերքում է անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ չհիմնավորված մեղադրանքները, թե դրանք Ուկրաինայում օգտագործելու համար են։ Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է հարգեն կազմակերպության կանոնադրության բոլոր նպատակներն ու սկզբունքները։ Պետք է հարգեն նաև միջազգային իրավունքները, ներառյալ բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քանանին։
Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է խաղաղությունն ու քաղաքական գործընթացի միջոցով Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցումը։
Քանանին զգուշացրել է, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են հակաիրանական մթնոլորտ ստեղծել՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կեղծ մեկնաբանությանը՝ փորձելով անհիմն կապ ստեղծել իրենց մեղադրանքների և բանաձևերի միջև։
Քանանիի խոսքով՝ Իրանի մեծ ժողովուրդը երբեք չի մոռանա եվրոպական երկրների կողմից զանգվածային ոչնչացման զենքի, մասնավորապես քիմիական զենքի մատակարարումը Սադամ Հուսեյնին՝ Իրանի դեմ պատրադրված 8-ամյա պատերազմում։
«Այս երկրները կապ ունեն Սադամի հանցագործությունների հետ»,- ասել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրամիության և Միացյալ Թագավորության ներկայիս սադրիչ մոտեցումները համարում է նպատակասլաց քաղաքական սցենարի մաս, որոնք հակասում են աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մասին իրենց անհեթեթ և կեղծավոր հայտարարություններին»,- ընդգծել է դիվանագետը:
Նշելով վերջին օրերին ԵՄ-ի ապակառուցողական գործողությունները՝ Քանանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքել Իրանի ժողովրդի ազգային շահերի և իրավունքի պաշտպանության շրջանակներում անպատասխանատու գործողություններին: