ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին շատ կարևոր են: Այս մասին շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին
© Photo
Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին
© Photo
Հիշեցնենք, որ Անդրեյ Կովաչևը երեկ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Այսօր` հոկտեմբերի 22–ին էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել Կովաչևին և նրա հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր։